четверг, 3 апреля 2008 г.

ՎՐԱՍՏԱՆ, ՈՒԿՐԱԻՆԱ, ՆԱՏՕ...

Բուխարեստում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առաջին օրը մասնակից երկրների ղեկավարների աշխատանքային ընթրիքի ժամանակ ԱՄՆ-ին չի հաջողվել համոզել իր դաշնակիցներին, որ Ուկրաինան ու Վրաստանը պետք է միանան ՆԱՏՕ-ի «Անդամության գործողությունների ծրագրին»: Ըստ «Նյու Յորք թայմս»-ի, այդ առաջարկին դեմ են հանդես եկել 7 երկրներ:

Հաշվի առնելով, որ ՆԱՏՕ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, դա նշանակում է, որ Վրաստանն ու Ուկրաինան չեն միանա ՆԱՏՕ-ի անդամության գործողությունների ծրագրին: Սակայն, ըստ Ուկրաինայի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած «Վեդոմոստի»-ի աղբյուրի, գագաթաժողովի ամփոփիչ արձանագրության մեջ լինելու է հատված, որտեղ ցանկություն է հայտնվելու Ուկրաինան ընդունել ՆԱՏՕ-ի կազմ: Ուկրաինան հույս ունի ՆԱՏՕ-ի անդամ դառնալ մինչև 2010 թվական:

Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յապ դե Հոոպ Սխեֆերը հայտարարել է, որ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացվի բուխարեստյան գագաթաժողովում, Դաշինքը հաստատել է Ուկրաինայի ու Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու իրավունքը: «Մեր դռները բաց են և երբ այդ երկրները կհամապատասխանեն մեր չափանիշներին, նրանք կարող են ներս մտնել այդ դռներից, եթե լինի այդ ցանկությունը»,- նշել է նա:

Փորձագետները նշում են, որ չարժե այդ երկրների անդամակցության հարցի հետաձգումը գնահատել որպես Ռուսաստանի սկզբունքային հաղթանակ: Ուղղակի ԵՄ-ն չի ցանկանում փչացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ հատկապես հիմա, երբ Կրեմլում իշխանության փոփոխում է կատարվում:

Комментариев нет: