четверг, 3 апреля 2008 г.

ՆԱՏՕ-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Ռումինիա` մասնակցելու Բուխարեստում հրավիրված Հյուսիս-ատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) գագաթնաժողովին:

Կառավարական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը, Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եղիշե Սարգսյանը, կառավարության աշխատակազմի համապատասխան վարչությունների ղեկավարներ:
Այցի շրջանակներում Ս. Սարգսյանը կմասնակցի Եվրոտլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) անդամ երկրների ղեկավարների աշխատանքային ճաշին, որի ընթացքում տեղի կունենա «Եվրոտլանտյան գործընկերություն. 21-րդ դարի անվտանգության մարտահրավերներին դիմակայում» խորագրով քննարկում:

Բուխարեստում նախատեսվում է նաև Ս. Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հայաստանի կառավարական պատվիրակությունը նույն օրը կվերադառնա Երևան:
Նկատենք, որ նա Բուխարեստում չի հանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես ենթադրվում ու տարբեր գործիչների կողմից հայտարարվում էր ավելի վաղ: Այդ հանդիպմանը դեմ է եղել ադրբեջանական կողմը:

Комментариев нет: