Բուխարեստ առավոտյան Սերժ Սարգսյանը «Նովոթել» հյուրանոցի իր կեցավայրում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ժամանակ ընդհանուր գնահատական է տրվել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ներկա վիճակին: Համանախագահները ներկայացրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երեկվա հանդիպման արդյունքները: Սերժ Սարգսյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դիվանագիտական քայլերի և վերջին շրջանում ադրբեջանաղարաբաղյան սահմանագծում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ և վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և այսօր բանակցային սեղանին դրված փաստաթղթի հիման վրա լուծելու գործում: Անդրադարձ է եղել նաև հակամարտության կարգավորման գործընթացի հնարավոր հետագա շարունակությանը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետ Սերժ Սարգսյանն ասել է, թե գործընթացի վերաբերյալ ավելի որոշակի իր տպավորությունները կհայտնի, երբ առիթ լինի հանդիպել բանակցող մյուս կողմի հետ: Ըստ նրա, համենայն դեպս համանախագահները լավատես են և կարծում է, որ իրենց տեսակետից նրանք հիմք ունեն լավատեսության: Պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է լինել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման այդպիսի հնարավորություն, Սերժ Սարգսյանը նշել է, թե ինքն արդեն ասել է, որ դեմ չի լինի հանդիպել որևէ համաժողովի շրջանակներում, եթե նման ցանկություն մյուս կողմը հայտնի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան ևս հանդիպումից հետո հայ լրագրողների հետ կիսել է իր տպավորությունները. «Մենք գիտենք ՀՀ նորընտիր հարգարժան նախագահին վաղուց, գիտենք ինչպիսի մարդ է նա և կարծում ենք, որ նրա հետ կարող ենք շարունակել բանակցությունները: Ակնհայտ է, որ բանակցային գործընթացը կշարունակվի: Ամենակարևորն այն է, որ ՀՀ նախագահի երդմնակալությունից հետո նախագահները հնարավորություն ունենան հանդիպել և շփվել միմյանց հետ: Մենք պարզապես սպասում ենք նման հնարավորության»,-ասել է Մեթյու Բրայզան: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակելու ադրբեջանական կողմի կոշտ դիրքորոշմանը վերաբերող հարցին, ամերիկացի համանախագահը պատասխանել է, թե կարծում է` Ադրբեջանը ևս համաձայն է, որ գործընթացը պետք է շարունակվի` չնայած եղան սուր պահեր: Նա վստահություն է հայտնել, որ գործընթացը կշարունակվի, միաժամանակ հույս հայտնելով, որ այն կտևի ոչ այնքան երկար և շուտով կավարտվի: «Այսօր սկիզբն էր, Հայաստանի նախագահի երդմնակալությունը դեռ չի եղել և քայլ առ քայլ պետք է առաջ գնալ»,- ասել է նա: Պատասխանելով ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխման հնարավորության վերաբերյալ հարցին, Մեթյու Բրայզան ընդգծել է, թե կա մի ձևաչափ` դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է և այսօր չկա լուրջ պահանջ այդ ձևաչափը փոխելու: «Կարծում եմ, որ գործընթացն առաջ է ընթանում»,- նշել է ամերիկացի համանախագահը: Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը մեկնել է Ռումինիայի խորհրդարան, որտեղ նախատեսված է Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) անդամ երկրների ղեկավարների ձևաչափով կազմակերպված քննարկումը` «Եվրատլանտյան գործընկերություն. 21-րդ դարի անվտանգության մարտահրավերներին դիմակայում» խորագրով: Մինչ քննարկումը սկսելը, Սերժ Սարգսյանը նաև բազմաթիվ շփումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ
четверг, 3 апреля 2008 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий